Հայաստանի ՕՈՒՆ կատարողականը 2022թ-ին

Investments

ՀՀ կառավարության 2021-2026թթ-ի ծրագրով թիրախավորվել է ՕՈՒՆ զուտ ներհոսք/ՀՆԱ ցուցանիշը մինչև 2026թ-ը հասցնել 6%-ի։ Շնորհիվ բարենպաստ արտաքին տնտեսական գործոնների՝ հաջողվել է առաջանցիկ տեմպերով բարելավել այս ցուցանիշը և զգալիորեն մոտենալ սահմանված թիրախին։

2022թ-ին արձանագրվել է ՕՈՒՆ զուտ ներհոսքի ռեկորդ

2022թ-ին Հայաստանում ՕՈՒՆ-ի զուտ ներհոսքը (զուտ ֆինանսական պարտավորությունների ստանձնումը) աճել է 632 մլն ԱՄՆ դոլարով և կազմել է գրեթե 1 մլրդ դոլար, ինչն ավելի քան 2.7 անգամ գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը և հանդիսանում է ռեկորդային Հայաստանի ողջ պատմության ընթացքում։ Հարկ է նշել, որ այդպիսի տպավորիչ աճը մասամբ պայմանավորված է դրամի արժեվորմամբ, մասնավորապես, հավելաճի կառուցվածքում դրամի արժեվորման նպաստումը կազմել է 13.5%։

Օտարերկրյա ուղղակի ներդրումներ (ՕՈՒՆ)

Oտարերկրյա ուղղակի ներդրում է համարվում օտարերկրյա ներդրողի կողմից ՀՀ տարածքում գործունեություն իրականացնող կազմակերպության կապիտալում ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի կամ բաժնեմասի առնվազն 10%-ի ձեռքբերումը և շարունակաբար ներդրումների իրականացումը: ՕՈՒՆ-երը, ի տարբերություն այլ տեսակի ներդրումների, ապահովում են ռեզիդենտ կազմակերպությունում կա՛մ լիարժեք վերահսկողություն, կա՛մ որոշումների կայացման վրա էական ազդեցության իրավունք:

ՕՈՒՆ զուտ ներհոսք

ՕՈՒՆ զուտ ներհոսքը հաշվետու ժամանակահատվածում ներդրումների գծով ստացումների և մարումների տարբերություններն է։

Investment performance 2022

Պայմանավորված զուտ ՕՈՒՆ ներհոսքի կտրուկ աճով՝ 2022թ-ին կտրուկ աճել է նաև զուտ ՕՈՒՆ/ՀՆԱ ցուցանիշը՝ հասնելով 5.1%-ի, ինչը գրեթե կրկնակի ավելի է, քան 2021թ-ի ցուցանիշը։ Շնորհիվ այսպիսի աճի՝ հաջողվել է կտրուկ բարելավել ՕՈՒՆ-ի գծով կառավարության թիրախային ցուցանիշը։ Այդուհանդերձ, շարունակում է մտահոգիչ մնալ օտարերկրյա զուտ ներդրումների ներհոսքի կառուցվածքը, մասնավորապես, 2016-2022թթ-ին բաժնետիրական կապիտալի մասնաբաժինը (greenfield ներդրումներ, գործող ընկերությունների կապիտալի համալրում ներդրողների կողմից) կազմել է 44․0%, համեմատության համար, նույն ժամանակահատվածում Վրաստանի համապատասխան ցուցանիշը եղել է 53.4%:

Investment

Անդրադառնալով 2022թ-ի ՕՈՒՆ զուտ ներհոսքի ռեկորդային ցուցանիշին՝ հարկ է նշել, որ 58.6%-ը բաժին է ընկնում վերաներդրումներին, այսինքն՝ Հայաստանում ՕՈՒՆ-ով գործող ընկերությունների հաշվետու տարում չբաշխված շահույթին, ինչի վրա դրական անդրադարձ է ունեցել նաև դրամի արժեվորումը։

ՕՈՒՆ-ի ներհոսքը տնտեսության իրական հատված հասել է 1 մլրդ դոլարի

2022թ-ին տնտեսության իրական հատվածում ՕՈՒՆ-ի ներհոսքը հասել է 1 մլրդ դոլարի, ինչը 31%-ով գերազանցում է նախորդ տարվա համապատասխան ցուցանիշը։ Առհասարակ, վերջին յոթ տարիների ընթացքում 2022թ-ին արձանագրված ցուցանիշը ռեկորդային է։

ՕՈՒՆ ներհոսք

ՕՈՒՆ ներհոսքը հաշվետու տարվա ընթացքում օտարերկրյա ուղղակի ներդրումների գծով ստացումների հանրագումար է:

Անդրադառնալով տնտեսության իրական հատվածում ՕՈՒՆ-ի ներհոսքի ոլորտային բաշխմանը՝ պետք է նշել, որ առաջատարը էլեկտրականության և գազի մատակարարման ոլորտն է 58% մասնաբաժնով (578 մլն ԱՄՆ դոլար), որին հաջորդում են հանքագործական արդյունաբերության և անշարժ գույքի ոլորտները, համապատասխանաբար 15% և 7% մասնաբաժիններով։ Ընդ որում՝ նախորդ տարվա համեմատ ՕՈՒՆ ներհոսքը էլեկտրականության և գազի մատակարարման ոլորտում աճել է 50%-ով, իսկ անշարժ գույքի ոլորտում՝ ավելի քան 2.2 անգամ։ Տպավորիչ աճ է արձանագրվել նաև օդային տրանսպորտի ոլորտում՝ 94%, ինչը հավանաբար պայմանավորված է այս ոլորտում նոր կազմակերպությունների հիմնադրմամբ, օրինակ՝ Fly Arna:

Ռուսաստանը շարունակում է պահպանել Հայաստանի տնտեսության իրական հատվածում առաջատար ներդրողի իր դիրքերը։ 2022թ-ին Ռուսաստանին բաժին է ընկել Հայաստանի տնտեսության իրական հատվածում կատարված ՕՈՒՆ ներհոսքի շուրջ 70%-ը (697 մլն ԱՄՆ դոլար), ընդ որում՝ ռուսաստանյան ներդրումները կատարվել են այնպիսի ոլորտներում, որտեղ ավանդաբար ներկայացված են ռուսաստանցի խոշոր ներդրողները` էլեկտրաէներգիայի և գազի մատակարարում, հեռահաղորդակցություն։

2022թ-ին Հայաստանի առաջատար ներդրողներից են եղել նաև Կիպրոսը և Ջերսին, ՕՈՒՆ ներհոսքի կառուցվածքում համապատասխանաբար 7% և 5% մասնաբաժիններով, ընդ որում՝ Ջերսիից հիմնական ներդրումները ուղղվել են անշարժ գույքի հետ կապված գործունեության ոլորտ (46 մլն ԱՄՆ դոլար)։

2016-2022թթ-ին ՕՈՒՆ-ի զուտ ներհոսքը Վրաստան 4.3 անգամ գերազանցել է Հայաստանի ցուցանիշը

2016-2022թթ-ին Վրաստանում ՕՈՒՆ զուտ ներհոսքը կազմել է շուրջ 10.2 մլրդ ԱՄՆ դոլար, այնինչ նույն ժամանակահատվածում Հայաստանում տվյալ ցուցանիշը եղել է մոտ 2.4 մլրդ ԱՄՆ դոլար, ինչը շուրջ 4.3 անգամ ավելի քիչ է, քան Վրաստանում։

Անդրադառնալով Վրաստանի ՕՈՒՆ զուտ ներհոսքի աշխարհագրական և ոլորտային կառուցվածքին՝ պետք է նշել, որ 2016-2022թթ-ի ընթացքում ՕՈՒՆ զուտ ներհոսքի կառուցվածքում առաջատար ոլորտներն են եղել ֆինանսական, տրանսպորտի և էներգետիկայի ոլորտները, համապատասխանաբար 23.4%, 13.8% և 13.2% մասնաբաժիններով, իսկ hիմնական դոնոր երկրներն են եղել Մեծ Բրիտանիան (20.6%), Ադրբեջանը (12.6%) և Նիդեռլանդները (12.1%), իսկ Թուրքիայի մասնաբաժինը կազմել է 9.6%:

Ամփոփելով պետք է նշել, որ 2022թ-ին օտարերկրյա ուղղակի ներդրումների գծով Հայաստանի կատարողականը կարելի է գնահատել լավ, սակայն  դեռևս բավականին աշխատանք կա իրականացնելու ներդրումային միջավայրի բարելավման և ներդրումների խթանման ուղղությամբ։

Ամբողջական զեկույցը կարելի է ներբեռնել հետևյալ հղմամբ՝ FDI Performance of Armenia 2022