Հայաստանի սոցիալ-ժողովրդագրական իրավիճակը վերջին տասնամյակների ընթացքում վատթարացել է, մասնավորապես, 1991-2021թթ-ի ընթացքում մշտական բնակչությունը կրճատվել է շուրջ 17.1%-ով, բնակչության միջին տարիքը 29.1-ից հասել է 37.3 տարեկանի, իսկ ծերացման գործակիցը 33-ից հասել է 90-ի։ Այս ֆոնի վրա հատկապես մեծանում է առողջապահության և սոցիալական ծառայությունների դերը և նշանակությունը։ Ոլորտում առկա հիմնական խնդիրներից և մարտահրավերներից են առողջապահության համակարգի արդյունավետությունը, բնակչությանը, ներառյալ սոցիալապես անապահով և առանձին խմբերի անձանց, մատչելի և որակյալ բժշկական օգնության և սպասարկման տրամադրումը, ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման և բուժման արդյունավետության բարձրացումը և այլն։