Կրթության և գիտության զարգացումը Հայաստանի գերակա խնդիրներից մեկն է։ Չնայած հանրակրթության համակարգում համախառն ընդգրկվածությունը Հայաստանում բավականին բարձր է, այնուամենայնիվ կրթության համակարգում առկա են լուրջ հիմնախնդիրներ։ Դրանցից են կրթության որակի ապահովումը, ներառականությունը, դասավանդող անձնակազմի վարձատրությունը, բարձրագույն կրթության ծրագրերի արդիականացում, ենթակառուցվածքների բարելավումը և այլն։
Վերջին մի քանի տարիներին գիտության պետական ֆինանսավորումը նշանակալիորեն աճել է․ 2022թ․-ին պետական բյուջեով նախատեսվում է գիտությանը առնչվող ծրագրերի ֆինանսավորումը նախորդ տարվա նկատմամբ ավելացնել ավելի քան 50%-ով։ Այնուամենայնիվ ոլորտի ֆինանսավորմամբ Հայաստանը դեռևս զիջում է ինչպես առաջատար, այնպես էլ բարեկեցության մակարդակով համադրելի շատ երկրներին։ Ի թիվս այլ խնդիրների՝ հետազոտական կարողությունների զարգացումը, երիտասարդ որակյալ կադրերը, մասնավոր ընկերությունների կողմից հետազոտական աշխատանքների մեջ ներդրումների աճը հանդիսանում են ոլորդի հիմնախնդիրներից մի քանիսը։