Հարցումները ցույց են տալիս, որ Հայաստանում ձեռներեցությամբ զբաղվելու հիմնական մոտիվացիան սոցիալական բնույթ ունի՝ հայթայթել ապրուստի միջոցներ կամ ապահովել ընտանիքի բարեկեցությունը։ Հանրապետությունում գործում են ավելի քան 83,000 գերփոքր, փոքր և միջին ձեռնարկություններ, նրանց կեսը նույնիսկ չունի վարձու աշխատողներ։ Այդուհանդերձ, ՓՄՁ-ները ծանրակշիռ դեր ունեն Հայաստանի տնտեսությունում՝ նրանց է բաժին ընկնում տնտեսության ոչ ֆինանսական բիզնես հատվածում թողարկված ապրանքների և ծառայությունների հասույթի 2/3-ը, զբաղվածության՝ 70%-ից ավելին, իսկ մասնաբաժինը տվյալ հատվածի գործող ձեռնարկությունների կառուցվածքում գերազանցում է 99.8%-ը։
Տնտեսության այս հատվածում գործող ձեռնարկությունների հիմնական խնդիրը ցածր արտադրողականությունն է, մասնավորապես, ՓՄՁ-ներում մեկ վարձու աշխատողի հաշվով համախառն ավելացված արժեքը շուրջ 25%-ով ավելի պակաս է քան խոշոր ձեռնարկություններում։