Մեր նախորդ հրապարակման մեջ մենք անդրադարձել էինք ազատ առևտրի ձևավորմանն ուղղված ԵԱՏՄ-Իրան ժամանակավոր համաձայնագրի (այսուհետ՝ Համաձայնագրի) ընձեռած այն հնարավորություններին, որոնք վերաբերում էին հանքային և գազավորված ջրերի, քաղցրավենիքի և հրուշակեղենի արտադրություններին։ Այս անգամ մեր ուշադրության կենտրոնում է հայտնվել մեկ այլ գործունեության տեսակ՝ քիմիական նյութերի և արտադրատեսակների արտադրությունը, որով զբաղվող ձեռնարկությունները կարող են տեղաբաշխվել Մեղրու ԱՏԳ տարածքում, գրավիչ լինել օտարեկրյա ներդրողների և/կամ տեղական ներդրողների համար ֆրանչայզինգային համաձայնագրով աշխատելու համար։ Մենք հատուկ շեշտում ենք ֆրանչայզինգի մոդելով աշխատելու հնարավորությունը, քանի որ ոլորտը ունի նրբություններ՝ ցանկալի է բրենդի առկայություն, երկարաժամկետ R&D աշխատանքներ են պահանջվում և այլն։
Ըստ համաձայնագրի վերոնշյալ ապրանքային դիրքի/ ապրանքային ենթադիրքի/ ապրանքատեսակների համար նախատեսվում է սահմանել 18.2% ներմուծման մաքսային դրույքաչափ, ինչը 30%-ով ավելի ցած է, քան ազգերի առավել բարենպաստության ռեժիմում (most favoured nation rate) գործողը՝ 26%:
Ներմուծումը Իրանի շուկա
2017թ-ին Իրանը այս ապրանքային ենթադիրքերի/ենթատեսակների գծով ընդհանուր ներմուծել է ավելի քան $223 մլն դոլարի ապրանք, ընդ որում՝ առավել շատ ներմուծվում է 330499 ապրանքային ենթադիրքի ապրանքներ ($76.7 մլն), օրինակ, մաշկի խնամքի միջոցներ (տոնավորող հեղուկ, մաքրող քսուք, խոնավացնող քսուք և այլն), որին հաջորդում են շամպուններն ($35.6 մլն) ու օճառները ($34.4 մլն):
Անդրադառնալով ներմուծման աշխարհագրությանը՝ պետք է նշել, որ այն շատ ընդգրկուն է, այս ենթադիրքերում ընդգրկված ապրանքներ Իրան հիմնականում ներմուծվում են ԵՄ-ից և Թուրքիայից, մասնավորապես 2017թ-ին ԵՄ-ի մասնաբաժինը կազմել է 57%, Թուրքիայինը՝ 23%:
Հաշվի առնելով ԵՄ-ից ապրանքների ներմուծման մաքսային բարձր դրույքաչափերը, աշխատանքի բարձր վարձատրությունը, ինչպես նաև այն հանգամանքը, որ տվյալ ոլորտի խոշոր խաղացողներից Proctor&Gamble-ը այս տարվա նոյեմբերից սկսած Դոնալ Թրամփի հայտարարած առևտրային պատժամիջոցներով պայմանավորված դադարեցնելու է ապրանքների վաճառքը Իրանում, Մեղրիի ԱՏԳ տարածքում հիմնված համապատասխան ձեռնարկությունները նվազագույն տրանսպորտային ծախսերով և անհամեմատ ցածր մաքսային դրույքաչափերով կարող են մուտք գործել իրանական շուկա։ Ընդ որում պետք է նշել, որ այդ ձեռնարկությունները կարող են ստանձնել նաև համակարգաստեղծ գործառույթ խթանելով նաև գյուղատնտեսությունը (կոսմետիկայի արտադրության մեջ օգտագործվող բույսերի մշակությունը)։
Հիշեցնենք, որ ոլորտի համաշխարհային հսկաներից Unilever-ը ներկայումս ունի համատեղ ձեռնարկություն Իրանում, սակայն աշխատակիցների քանակը սահմանափակ է (375) և մեր նշած ապրանատեսակներից արտադրում է միայն օճառ։
Ինչպես նախորդ հրապարակման դեպքում, այս անգամ ևս պետք է շեշտենք, որ ներդրումային որոշում կայացնելուց առաջ անհրաժեշտ է իրականացնել իրագործելիության մանրամասն ուսումնասիրություն՝ հաշվի առնելով նաև իրանական շուկայի առանձնահատկությունները։