2018թ-ի մայիսի 11-ին Աստանայում ստորագրվեց Ազատ առևտրի ձևավորմանն ուղղված ԵԱՏՄ-Իրան ժամանակավոր համաձայնագիրը։ Մենք, ելնելով Հայաստանի տնտեսության իրականությունից, որոշեցինք առանձնացնել տնտեսական գործունեության մի քանի տեսակներ (ըստ թողարկած ապրանքների), որոնց համար առավել գրավիչ կարող է լինել այս համաձայնագրով նախատեսված մաքսային արտոնությունները։
Հանքային և գազավորված ջրերի արտադրություն (ԱՏԳ ԱԱ 2201 10)
2017թ-ին «հանքային և գազավորված ջրեր» ապրանքային ենթադիրքի ապրանքներ Իրան ներկրելու մաքսային դրույքաչափը ազգերի առավել բարենպաստության ռեժիմում (most favoured nation rate) եղել է 55%, ԵԱՏՄ երկրների արտադրողների համար նախատեսվում է սահմանել 14%:
Համաձայն Իրանի հանքային և շշալցված ջրի ասոցիացիայի տվյալների` Իրանի բնակչության միայն 3%-ն է ակտիվորեն օգտագործում շշալցված ջուր, ընդհանուր առմամբ՝ 1 շնչի հաշվով շշալցված ջրի սպառումը տարեկան կազմում է մոտ 15 լ, այսինքն՝ ընդհանուր առմամբ, մոտ 1215 մլն լիտր, որի մոտ 0.0185%-ն է միայն ներկրվում արտերկրից։ Շշալցված ջուր արտադրում են շուրջ 140 արտադրող։ Շուկայի առաջատարն է Damavand ընկերությունը (~40% մասնաբաժնով), որի բաժնետոմսերի մի մասը 2008թ-ին ձեռք է բերել ֆրանսիական Danone ընկերությունը և իրականացնում է նաև կառավարումը։
Թեև մինչ այժմ ինչպես մյուս արտասահմանյան արտադրողների, այնպես էլ հայաստանյան արտադրողների ներկայությունը Իրանի շշալցված ջրի շուկայում չնչին է եղել (148 հազ․ լ, 2017թ), սակայն մաքսային նոր դրույքաչափը էականորեն կարող է նպաստել նրանց գնային մրցունակության բարձրացմանը:
Ի դեպ, հաշվի առնելով շշալցված ջրի իրանական շուկայի աճի տեմպերը և առհասարակ Միջին Արևելքի շուկայի մեծությունը, այս հնարավորությունը կարող է հետաքրքրել նաև շշալցված ջրի բիզնեսում ներգրավված խոշոր ընկերություններին, ինչպիսիք են՝ Nestle-ն և The Coca Cola Company-ն (բրենդը՝ Bonaqua)։
Քաղցրավենիքի և հրուշակեղենի արտադրություն
Համաձայնագրով նշանակալից արտոնություններ են սահմանված նաև հրուշակեղենի մի շարք տեսակների համար (տես՝ ներքոնշյալ աղյուսակը), սակայն միևնույն ժամանակ պետք է ընդգծել, որ Իրանն ինքը հանդիսանում է հրուշակեղեն արտահանող երկիր, հետևաբար մեր արտադրողները կարող են հանդես գալ միայն որոշակի որմնախորշերում։ Այս առումով պետք է նշել, որ անհրաժեշտ կլինի նաև զգալի մարքեթինգային ջանքեր ներդնել շուկա մուտք գործելու/դիրքերը ամրացնելու համար:
ԱՏԳԱ ԱԱ ծածկագիր | Ապրանքային ենթադիրքի անվանումը | MFN դրույքաչափ,% | Bound rate,% |
18063100 | Շոկոլադ և կակաո պարունակող այլ պատրաստի սննդամթերք՝ մինչև 2կգ քաշով, բրիկետների, շերտիկների կամ սալիկների տեսքով, միջուկով | 55% | 20% |
18063200 | Շոկոլադ և կակաո պարունակող այլ պատրաստի սննդամթերք՝ մինչև 2կգ քաշով, բրիկետների, շերտիկների կամ սալիկների տեսքով, առանց միջուկի | 55% | 20% |
18069000 | Շոկոլադ և կակաո պարունակող այլ պատրաստի սննդամթերք՝ մինչև 2կգ քաշով, այլ | 55% | 20% |
19021900 | Մակարոնային արտադրատեսակներ՝ ջերմային մշակման չենթարկված, առանց միջուկի կամ ուրիշ այլ եղանակով պատրաստված, այլ | 55% | 20% |
19023000 | Մակարոնային արտադրատեսակներ՝ ջերմային մշակման ենթարկված կամ այլ կերպ պատրաստված | 55% | 20% |
19053100 | Քաղցր չոր թխվածքաբլիթներ՝ ամբողջությամբ կամ մասամբ շոկոլադով կամ կակաո պարունակող այլ մթերքներով պատված | 55% | 20% |
19053200 | Վաֆլի և վաֆելային բոլորաթերթեր՝ կակաո պարունակող կամ չպարունկաող | 55% | 20% |
UN Comtrade-ի տվյալների համաձայն՝ 2017թ-ին վերոնշյալ ապրանքային ենթադիրքերի գծով Իրանը ներկրել է $8.1 մլն ապրանքներ և արտահանել՝ $58.7մլն-ի, ընդ որում՝ Հայաստանից Իրան է արտահանվել $150 հազ․-ի ապրանք։
Ի թիվս հայաստանյան գործող արտադրողների, այս հնարավորությունը կարող է որոշիչ գործոն հանդիսանալ նաև խոշոր միջազգային ընկերությունների համար, որոնք գործարան հիմնելով Հայաստանում՝ որպես ավելի բարենպաստ ներդրումային միջավայր ունեցող երկիր, կարող են համեմատաբար քիչ տրանսպորտային ծախսերով ներթափանցել իրանական շուկա։
Միևնույն ժամանակ, ի գիտություն մեր գործարարներին, պետք է նշել, որ ներկրման արտոնյալ դրույքաչափ նախատեսված չի այնպիսի ապրանքային դիրքերի համար ինչպիսիք են՝ «Ոչխարի կամ այծի միս՝ թարմ, պաղեցրած կամ սառեցրած» (ԱՏԳԱԱ 0204), ոսկերչական իրերը (ԱՏԳԱԱ 7113, 7114, 7115):
Ամփոփելով մեր հոդվածաշարի առաջին մասը, պետք է նշենք, որ մատնանշված տնտեսական գործունեության տեսակներով զբաղվող գործարարները՝ իրանական շուկա մուտք գործելու որոշում կայացնելուց առաջ, պետք է առավել մանրամասն ուսումնասիրություն (feasibility study) իրականացնեն և փորձեն տեղում գործընկերներ գտնել։