Ի՞նչն է հայկական բիզնեսների ցածր մրցունակության պատճառը արտաքին շուկաներում

Վերջին տարիներին մենք ականատես եղանք ԵՄ-Ռուսաստան, Թուրքիա-Ռուսաստան «առևտրային պատերազմների», երբ որոշակի քաղաքական կամ ռազմական դրդապատճառներով պայմանավորված կողմերը միմյանց նկատմամբ կիրառում էին/են առանձին ապրանքատեսակների գծով ներմուծման/արտահանման արգելքներ, ինչը թերևս նպաստավոր պայմաններ էր ստեղծում հայաստանյան արտահանողների համար դեպի ՌԴ ապրանքներ արտահանելու համար (ինչքան էլ, որ ԵՄ և Թուրքիայի արտադրողները զարտուղի ճանապարհներ էին/են գտնում իրենց ապրանքները ՌԴ հասցնելու համար)։ Իհարկե, մի կողմից խնդիր է, թե ինչքանո՞վ օգտվեցին (ինչքանո՞վ են օգտվում) այդ հնարավորություններից հայաստանյան արտադրողները, մյուս կողմից խնդիրն այն էր, որ այդպիսի քաղաքականությունը երկար չի կարող տևել և, առհասարակ, դա նման է կեղտոտ ջրից ձուկ որսալուն, քանի դեռ մեր արտադրողները չունեն կայուն մրցակցային առավելություններ։ Ավելին, մենք արդեն լուրջ մեղմացումներ ենք տեսնում Թուրքիայի նկատմամբ ՌԴ-ի արգելքների հարցում, ԵՄ-ում պարբերաբար ակտիվ քննարկումներ են գնում ՌԴ-ի հարցում մեղմ դիրքորոշում բռնելու հետ կապված, որին ենթադրաբար կհաջորդի նաև ՌԴ-ի հայելային պատասխանը, հետևաբար հարց է առաջանում ինչպե՞ս ձեռք բերել կայուն մրցակցային առավելություններ և լինել մրցունակ ՌԴ շուկայում և առհասարակ ողջ աշխարհում։

Ամենևին չնսեմացնելով մակրո (երկրի) մրցունակության դերը արտահանման կողմոնորոշում ունեցող բիզնեսների հաջողության գործում, պետք է նշել, որ այսօր հայաստանայան արտադրողների համար առավել թեժ հարց է մրցունակությունը միկրոմակարդակում (ընկերությունների միջև)։ Եթե չկա ապրանք կամ այդ ապրանքը չեն կարողանում ըստ արժանվույն մատուցել օտարերկրյա սպառողի, ի՞նչ կապ ունի, որ երկու երկրների միջև ազատ առևտրի ռեժիմ է գործում։ Այս ենթատեքստում կայուն մրցակցային առավելություններ ձեռք բերելու բանալին թաքնված է ինովացիաների մեջ (ինովացիոն գործունեության մեջ), կլինեն դրանք արտադրանքի (ապրանքներ և ծառայություններ), գործընթացի, կազմակերպչական կամ  մարքեթինգային։ Ավելին, շարունակական ինովացիոն գործունեությունը պետք է լինի ընկերությունների և հատկապես արտահանման կողմնորոշում ունեցող ընկերությունների բիզնես օրակարգի առաջնահերթություններից։ Սակայն հետազոտությունը ցույց է տալիս, որ այս առումով հայկական ընկերությունների դիրքերը խիստ խոցելի են։ Մասնավորապես, ԱՎԾ-ի կողմից շուրջ 1500 իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցների շրջանում կատարած հետազոտության[1] արդյունքները վկայում են, որ Հայաստանում փոքր (10-49 աշխատող), միջին (50-249 աշխատող) և խոշոր (250> աշխատող) բիզնեսների[2] միայն 9.4%-ն է կիրառում որևէ տեսակի ինովացիա իրենց գործունեության մեջ, այնինչ ԵՄ-ում տվյալ ցուցանիշը կազմում է 49.1[3]%, ընդ որում՝ ամենաբարձրը Գերմանիայում է 67%, իսկ ամենացածրը՝ Ռումինիայում 12.8%, իսկ Թուրքիայում և Ռուսաստանում համապատասխանաբար 61.5% և 8.4%[4]։

Արտահանման կոնտեքստում, մենք որոշեցինք մեր ուշադրությունը հատկապես կենտրոնացնել մշակող արդյունաբերության ոլորտի վրա, որը հանդիսանում է արտահանման հիմնական լոկոմոտիվը, և մեր բարձրացրած հարցը ավելի փաստարկված դարձնելու համար ներկայացնել համապատասխան միջազգային համեմատականներ։

Ինչպես կարելի է նկատել, Հայաստանը մշակող արդյունաբերության ոլորտում  ինովացիա կիրառած բիզնեսների մասնաբաժնով (14.1%) ետնապահների շարքում է և միայն գերազանցում է Ռումինիային ու Ռուսաստանին։ Այլ կերպ ասած, մեր մշակող արդյունաբերության ոլորտում գործող բիզնեսների (ընդ որում՝ փոքր, միջին և խոշոր) 7-ից միայն 1-ն է, որ որևէ ինովացիա է կիրառել՝ լինի դա նոր կամ կատարելագործված արտադրանքի թողարկում, նոր մարքեթինգային մոտեցումների կիրառում, նոր բիզնես պրոցեսների ներդրում կամ արտադրական գործընթացների վերանայում։ Մասնավորապես, ինովացիա չեն կիրառել այս ոլորտի փոքր բիզնեսների 89.1%-ը և միջին, խոշոր բիզնեսի 75.5%-ը, ընդ որում՝ չկիրառելու առանցքային պատճառներից է եղել ինովացիոն գաղափարի բացակայությունը։


[1] Հետազոտությունը (Community Innovativeness Survey) իրականացվել է 2017թ-ին ՀՀ ԱՎԾ-ի կողմից, սակայն բոլոր հարցերը վերաբերել են 2013-2015թթ ժամանակահատվածին։

[2] Կլինի իրավաբանական անձ կամ անհատ ձեռներեց

[3] Ներկայացված են վերջին՝ 2014թ-ի հետազոտության տվյալները

[4] ՌԴ-ի և Թուրքիայի համար ներկայացվել են ամենանոր՝ 2016թ-ի տվյալները, առհասարակ, ՌԴ-ի տվյալները որոշակիորեն կարող են շեղվել կախված հետազոտության մասնակիցների կառուցվածքից