Հայաստանում դժվար է պատկերացնել ամանորյա սեղանը առանց ալկոհոլային խմիչքների։ Այս տարվա մեր հրապարակումների շարքը որոշեցինք ամփոփել՝ հրապարակելով ակնարկ ՀՀ-ում ալկոհոլային խմիչքների մանրածախ առևտրաշրջանառության (պահանջարկի) վերաբերյալ, միաժամանակ զուգահեռներ տանելով նաև այլ երկրների հետ։
Մանրածախ առևտրաշրջանառությունը
Համաձայն ՀՀ ԱՎԾ հրապարակած տվյալների և մեր գնահատումների 2012-2017թթ-ի ընթացքում ՀՀ-ում ալկոհոլային խմիչքների մանրածախ առևտրաշրջանառության միջին տարեկան ցուցանիշը կազմել է մոտ 93 մլրդ դրամ։ Ընդ որում պետք է նշել, որ 2013թ-ից սկսված մինչև 2016թ-ը դիտվել է ալկոհոլային խմիչքների մանրածախ առևտրաշրջանառության ծավալների շարունակական անկում (իրական ՝ այսինքն գներով ճշգրտված), իսկ արդեն 2014թ-ից՝ նաև ընթացիկ գներով արտահայտված։ Արդյունքում 2016թ-ին ՀՀ մանրածախ առևտրի օբյեկտներում (այսինքն չհաշված HoReCa ցանցը) սպառողները 5.2%-ով ավելի քիչ գումար են ծախսել ալկոհոլային խմիչքներ ձեռքբերելու համար, քան 2013թ-ին։ Անդրադառնալով 2017թ-ի ցուցանիշին պետք է ասել, որ մեր գնահատմամբ նախորդ տարվա համեմատ գրանցվելու է ալկոհոլային խմիչքների մանրածախ առևտրաշրջանառության նկատելի աճ, ինչի արդյունքում 2012-2017թթ-ի ընթացքում կգրանցվի ալկոհոլային խմիչքների մանրածախ վաճառքի ամենաբարձր ցուցանիշը։
Միևնույն ժամանակ պետք է նշել, որ այն դեպքում, երբ 2013թ-ի համեմատ 2016թ-ին ՀՀ-ում ընթացիկ գներով արտահայտված մանրածախ առևտրաշրջանառությունը կրճատվել է 14.4%-ով (այսինքն մարդիկ այդքան քիչ են ծախսել մանրածախ առևտրի օբյեկտներում), ապա ալկոհոլային խմիչքների դեպքում այդ ցուցանիշը կազմել է ընդամենը 5.2%։ Ինչը այլ հավասար պայմաններում, կարող է վկայել այն բանի մասին, որ ՀՀ-ում ալկոհոլային խմիչքների պահանջարկը ըստ եկամտի ավելի քիչ առաձգական է, քան միջինում այլ ապրանքներինը։
Անդրադառնալով ալկոհոլային խմիչքների գներին, պետք է նշել, որ դրանք 2012-2017թթ-ի ընթացքում բավականին սահմանափակ դիապազոնում են տատանվել (-0.5%-3.1%)՝ ավելի սահմանափակ, քան ասենք պարենային ապրանքները (-3%-5.8%):
Միջազգային համեմատականներ
Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության ամենավերջին տվյալներով (2014թ), Հայաստանը աշխարհի 96 երկրների շարքում զբաղեցնում է 66-րդ հորիզոնականը տարեկան 1 շնչի հաշվով (15տ>) սպառման ցուցանիշով՝ 3.91 լիտր մաքուր ալկոհոլ (100%), որը համարժեք է շուրջ 9.8 լիտր օղու, 32.6 լիտր գինու կամ 55.8 լիտր գարեջրի։ Համեմատություն համար աշխարհի «առաջատար» Լիտվայում սպառումը կազմել է 15.19լ, այսինք 3.9 անգամ ավել, քան Հայաստանում։ Անդրադառնալով մեզ համար առավել մեծ հետաքրքրություն ներկայացնող այլ երկրներին՝ պետք է ասել, որ ՌԴ-ն՝ 16-րդն 10.12 լիտր ցուցանիշով, Վրաստանը՝ 54-րդը 6.13 լիտր ցուցանիշով, իսկ առհասարակ ալկոհոլի սպառումը առավել բարձր է եվրոպական երկրներում։