Ի՞նչքան և ի՞նչական գարեջուր ենք խմում Հայաստանում

Այսօր դեկտեմբերի 22-ն, տարվա նախավերջին ուրբաթ օրը, և քանի որ շատերը այս տարի թերևս վերջին անգամ նախատոնական եռուզեռից առաջ շտապում են pub-եր և ռեստորաններ վայելելու գարեջուր, որոշել ենք հանրությանը ներկայացնել մի հատված մեր հետազոտությունից` գարեջրի շուկայի վերաբերյալ։

Արտադրությունը

Համաձայն ՀՀ ՊԵԿ տվյալների 2017թ-ի նոյեմբերի դրությամբ Հայաստանում գարեջրի արտադրությամբ (որպես տնտեսական գործունեության հիմնական տեսակ) զբաղվել են 11 տնտեսվարողներ, որոնցից թերևս առաջատար դիրքեր ունեն երեքը՝ «Երևանի գարեջուր» ՓԲԸ-ն, «Գյումրի գարեջուր» ՍՊԸ-ն և «Կոտայքի գարեջրի գործարան» ՍՊԸ-ն։

ՀՀ ԱՎԾ կողմից հրապարակված գարեջրի արտադրության ցուցանիշների վերլուծությունից պարզ է դառնում, որ 2014թ-ին 2012թ-ի համեմատ գարեջրի արտադրությունը թռիչքաձև աճ է ունեցել (մոտ 73.5%), ինչը մեր խորին համոզմամբ իրական պատկերը չի արտացոլում, այլ պայմանավորված է 2013թ-ի հուլիսի 1-ից պարտադիր դրոշմավորման համակարգի ներդրմամբ[1]։ Դա իր հերթին նպաստել է արտադրության ոլորտում ստվերի նշանակալից կրճատմանը (առնվազն տարաներով վաճառվող գարեջրի դեպքում)։

Ուսումնասիրելով ոլորտին առնչվող մի շարք ցուցանիշներ (արտահանում, ներմուծում, պահանջարկ, գներ և այլն), մեր կողմից փորձ է արվել գնահատվելու 2012-2013թթ արտադրության իրական չափերը, ըստ այդմ՝ նշված ժամանակահատվածում արձանագրվել է ոչ, թե գարեջրի արտադության աճ, այլ՝ անկում, ինչը պայմանավորված է, ինչպես արտահանման կրճատմամբ, այնպես էլ ներկրվող գարեջրի ծավալների աճով և տեղական գարեջրի գնի աճով։ Արտադրության անկման միտումը շարունակվել է նաև 2014-2016թթ-ին ինչի արդյունքում ՀՀ-ում գարեջրի արտադրությունը կրճատվել է մոտ 31%-ով։ Սակայն պետք է նշել, որ 2017թ-ի առաջին 9 ամիսների տվյալներով արձանագրվել է որոշակի դրական միտում, երբ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արտադրությունը աճել է շուրջ 10%:

Ներմուծումը

Ի տարբերություն արտադրության, 2012-2017թթ-ին գարեջրի ներմուծումը հիմնականում շարունակաբար աճել է (միջին տարեկան հավելաճի տեմպը՝ 10%), արդյունքում 2016թ-ին 1.1 մլն լիտր գարեջուր ավելի շատ է ներմուծվել Հայաստան։ Ընդ որում պետք է նշել, որ ներմուծվող գարեջրի մոտ 94%-ը (2016թ) մինչև 10լիտր տարողությամբ տարաներով է (այսինքն разливной չի)։

Անդրադառնալով ՀՀ-ին գարեջուր մատակարարող երկրների աշխարհագրությանը, պետք է ասել, որ առաջատարը ՌԴ-ն է, այսպես 2016թ-ին նրան բաժին է ընկել ՀՀ ներմուծված գարեջրի մոտ 77%-ը, բացի այդ 1000 լիտր և ավել ծավալով գարեջուր ՀՀ ներկրվել է 11 այլ երկրներից, այդ թվում Գերմանիայից, Չեխիայից, Վրաստանից և նույնիսկ Մեքսիկայից։ Պետք է նշել, որ 2012-2016թթ-ի ընթացքում ավելի քան 60%-ով ավելացել է գերմանական գարեջրի ներկրումը Հայաստան, իսկ վրացականը՝ ավելացել է ավելի քան 6.4 անգամ։ Արդյունքում 2016թ-ին Հայաստանը Վրաստան է արտահանել 5 հազ․ լիտր գարեջուր, ներմուծելով՝ 162 հազ․ լիտր։

Սպառումը

Համադրելով ՀՀ ԱՎԾ հրապարակած տվյալները և մեր գնահատականները կարող ենք փաստել, որ ՀՀ-ում 2012-2016թթ-ին գարեջրի սպառումը շարունակաբար կրճատվել է (ընդհանուր առմամբ՝ շուրջ 32%), միևնույն ժամանակ սպառողները սկսել են ավելի շատ նախապատվություն տալ արտասահմանյան գարեջրերին։

Ամփոփելով, կարող ենք ասել, որ ՀՀ-ում սպառված 100 լիտր գարեջրից  (2016թ) 81 լիտրը եղել է տեղական, 19-ը ներկրված, որից 14.6 լիտրը ռուսական արտադրության, մոտ 1.7 լիտրը ուկրաինական, գրեթե 0.9 լիտրը գերմանական։


[1] 19.12.2012թ-ին կատարվել է փոփոխություն «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում, ըստ այդմ մի շարք ապրանքախմբերի ապրանքներ օտարելու դեպքում, այդ թվում «գարեջուր» (ԱՏԳԱԱ ԱԱ 2203), դրոշմապիտակների առկայություն պարտադիր է։