Սեպտեմբերի 29-ին դոլար/դրամ միջին փոխարժեքը հասել է 393.40 դրամի՝ դոլարը սեպտեմբերի 18-ի համեմատ (նախքան ռազմական գործողությունների սկսելը) արժևորվել է 7.59 դրամով (1.97%), իսկ օգոստոսի 1-ի համեմատ՝ 7.22 դրամով (1.87%)։
Սեպտեմբերի 25-29-ի աշխատանքային շաբաթվա ընթացքում ներբանկային շուկայում դոլարի նկատմամբ պահանջարկը գերազանցել է առաջարկը շուրջ 92.6 մլն դոլարով, համեմատության համար, այս տարվա ընթացքում դոլարի պահանջարկի և առաջարկի շաբաթական տարբերության միջնարժեքը (median) եղել է 13.4 մլն դոլար, այսինքն վերջին շաբաթվա ընթացքում դոլարի նկատմամբ պահանջարկի և առաջարկի տարբերությունն աճել է շուրջ 7 անգամ, ինչն էլ հենց դոլարի արժևորման պատճառ է հանդիսացել։
Հաշվի առնելով, որ դոլարի նկատմամբ պահանջարկի կտրուկ աճը արձանագրվել է Արցախում ռազմական գործողություններ սկսելուց ի վեր, կարելի է ենթադրել, որ դա պայմանավորված է Արցախի շուրջ ստեղծված իրավիճակից բխող խուճապային տրամադրություններով/ աշխարհաքաղաքական վեկտորի հնարավոր փոփոխության սպասումներով։
Միևնույն ժամանակ, պետք է փաստել, որ սեպտեմբերի 29-ին սեպտեմբերի 18-ի համեմատ դոլարի ինդեքսը (DXY) աճել է 0.9%-ով, այսինքն դոլարը 0.9%-ով արժևորվել է հիմնական արժույթների զամբյուղի (EUR, JPY, CAD, GBP, SEK, CHF) նկատմամբ։