Հայաստանը մոլիբդենի արտադրության համաշխարհային առաջատարներից է

ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ Ամերիա խորհրդատվական ընկերությունը, Մոդեքս խորհրդատվական ընկերությունը և միջազգային փորձագետ Անդրեաս Կլասենը մշակել են Հայաստանի արտահանման ռազմավարական ծրագիրը, որտեղ մոլիբդենը ներառվել է առաջատար ապրանքների ցանկում։ Առաջիկա տարիներին, սպասվում են առանձին գործողություններ, որոնք հնարավորություն կտան Հայաստանի դիրքերն ամրապնդել մոլիբդեն արտադրողների «համաշխարհային քարտեզում»։ Ժամանակակից արդյունաբերությունում մոլիբդենը հաճախ կիրառվում է համաձուլվածքների մեջ՝ իր ֆիզիկաքիմիական հատկությունների շնորհիվ ապահովելով սարքավորումների կամ առանձին դետալների երկարակեցությունը և դիմացկունությունը տարբեր կորոզիոն միջավայրերում, ինչի շնորհիվ այդպիսի համաձուլվածքները լայնորեն կիրառվում են հրթիռների, քիմիական և դեղագործական արդյունաբերության սարքավորումների, բարդ ճարտարապետական կոնստրուկցիաների արտադրության մեջ:

2023 թ-ին աշխարհում մոլիբդենի արտադրությամբ Հայաստանը գտնվում է վեցերորդ տեղում՝ 10,900 տոննա ցուցանշով (համաշխարհային արտադրության շուրջ 4%-ը):

2023թ-ի տվյալներով մոլիբդենի (ներառյալ ֆեռոմոլիբդենի) գծով Հայաստանի հարաբերական մրցակցային առավելությունը (հաշվարկված Բալասայի ինդեքսով) եղել է 171:

Մոլիբդենի արտադրությամբ Հայաստանը զիջում է միայն Չինաստանին, Չիլիին, ԱՄՆ-ին, Պերուին և Մեքսիկային, չնայած այս ամենին Հայաստանը Մոլիբդենի միջազգային ասոցիացիայի (IMOA-ի) անդամ չէ։

Հարաբերական մրցակցային առավելության հայեցակարգի հեղինակը անգլիացի հայտնի տնտեսագետ Դեյվիդ Ռիկարդոն է: Ժամանակակից տնտեսագիտության մեջ հարաբերական մրցակցային առավելությունը հաշվարկվում է հունգարացի տնտեսագետ Բելա Բալասայի մշակած ինդեքսով՝ երկրի ընդհանուր արտահանման մեջ տվյալ ապրանքի արտահանման մասնաբաժինը հարաբերելով աշխարհի ընդհանուր արտահանման կառուցվածքում տվյալ ապրանքի արտահանման մասնաբաժնի վրա։