
2024թ-ի մայիսի վերջի դրությամբ ՀՀ առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից տրամադրված լիզինգի ծավալը կազմել է շուրջ 187 միլիարդ դրամ՝ 2.8 անգամ ավել, քան 2022թ-ի հունվարի վերջի դրությամբ։
Լիզինգի ծավալները սկսել են կտրուկ աճել 2023թ-ի մայիսից, երբ կառավարությունը փոփոխություններ է իրականացրել 2020թ-ին ներդրված արտադրողականության խթանման ծրագրում՝ ընդլայնելով շահառուների շրջանակը։
Նշենք, որ այս ծրագրի շրջանակներում տնտեսավարողներին տրամադրված լիզինգի տոկոսադրույքների սուբսիդավորման համար 2023-ին կառավարությունը ծախսել է 1.8 անգամ ավելի շատ գումար, քան 2022-ին, իսկ 2024-ին նախատեսվում է նախորդ տարվա համեմատ կրկնապատկել աջակցության մեծությունը։
2024թ-ի հունվարին ծրագրում կրկին կատարվել են լրացումներ՝ ընդլայնելով լիզինգի օգտագործման նպատակների շարքը։ Հաշվի առնելով այս փոփոխությունները, ինչպես նաև ծրագրի վերջնաժամկետը (2024 տարեվերջ)՝ կարելի է ակնկալել, որ լիզինգի ծավալների աճը կշարունակվի։