ՀՀ միջազգային օդանավակայանների գործունեությունը և մի շարք ուշագրավ միջազգային համեմատականներ

Հայաստանում գործող երկու միջազգային օդանավակայանները՝ «Զվարթնոցը» և «Շիրակը», հանձնված են կոնցեսիոն կառավարման Armenian International Airports-ին, որի 100% բաժնետերն է Corporacion America Airports ընկերությունը։ Զվարթնոց օդանավակայանի դեպքում կոնցեսիոն կառավարման պայմանագրի ժամկետը մինչև 2032թ-ն է՝ յուրաքանչյուր 5 տարին մեկ անգամ երկարացնելու հնարավորությամբ։ 2017թ-ը բավականին հաջող տարի է եղել «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանների համար, նրանց գումարային հասույթը նախորդ տարվա համեմատ աճել է 29%-ով, իսկ այս տարվա առաջին կիսամյակում հավելաճը կազմել է գրեթե 27%:

2015-2017թթ-ին ՀՀ միջազգային օդանավակայանների ուղևորների քանակը միջինում տարեկան աճել է 15.4%-ով, իսկ 2018թ-ի առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ հավելաճը կազմել է 10.3%: Հատկանշական է, որ այս տարվա առաջին կիսամյակի արդյունքներով «Շիրակ» օդանավակայանի ուղևորների քանակը կրկնապատկվել է։

Թբիլիսիի և Բաթումիի միջազգային օդանավակայանները կոնսեսիոն կառավարման է հանձնված թուրքական TAV Airports ընկերությանը։ Թեև վրացական այս երկու օդանավակայանների և՛ ուղևորների քանակը, և՛ թռիչք/վայրէջքների քանակը էականերն գերազանցում են հայկական օդանավակայանների համապատասխան ցուցանիշները, սակայն գումարային հասույթը 2015-2016թթ-ին էականորեն քիչ է եղել, իսկ 2017թ-ին և 2018թ-ի առաջին կիսամյակում մի փոքր ավել։ Այսպես, 2017թ-ին հայկական օդանավակայանները $53.3 մլն ծախսով (չհաշված ամորտիզացիան, ֆինանսական ծախերը) սպասարկել են մոտ 2.5 մլն ուղևոր և մոտ 11 հազ․ թռիչք/վայրէջք, իսկ վրացականները՝ $28.4 մլնով սպասարկել են գրեթե 3.7 մլն ուղևոր և մոտ 38 հազ․ թռիչք/վայրէջք։

2015-2017թթ-ին վրացական օդանավակայանների ուղևորահոսքի միջին տարեկան հավելաճը կազմել է մոտ 33%, կրկնակի գերազանցելով հայկական օդանավակայանների համապատասխան ցուցանիշը։

Ուսումնասիրելով հայկական օդանավակայանների ուղևորահոսքին համարժեք մի քանի այլ օդանավակայանների (երկրների) օրինակներ, կարող ենք վստահաբար պնդել, որ անհրաժեշտ է իրականացնել Armenian International Airports ընկերության due diligence, որը հնարավորություն կտա փաստարկված առաջարկություններ ներկայացնել ծախսերի կրճատման ուղղությամբ, ինչն էլ կնպաստի ծառայությունների գների կրճատմանը և հետևաբար ավիատոմսերի գների նվազմանը։